քրոնոֆեստ
28.05—07.06.2026

«Քրոնոֆեստը» ժամանակակից թատրոնի ու պերֆորմանսի միջազգային փառատոն է Երևանում։ Այն կազմակերպում է «Քրոնոտոպ» թատերական ընկերությունը, որը 2022 թվականից գործում է Հայաստանում։ Փառատոնը ստեղծում է տարածք մասնագիտական և հանդիսատեսական ինտենսիվ շփման համար, միջավայր՝ ժամանակակից արվեստի զարգացման, և մոտիվացիա՝ արվեստագետների ու հանդիսատեսի համար։

Փառատոնի համակարգողներն են ռեժիսոր Իլյա Մոշչիցկին և Արտյոմ Արսենյանը։

2025 թվականին փառատոնն անցկացվել է հունիսի 1֊ից 7֊ը hosq մշակութային հիմնադրամի, Փոքր թատրոնի / Հ․ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի և Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) աջակցությամբ։

Փառատոնին ներկայացված են եղել՝ իմերսիվ, վավերագրական և կատարողական թատրոն, մոնոներկայացումներ, playback֊ և ֆորում֊թատրոն, աուդիոներկայացումներ, ներկայացում֊զբոսանքներ, site-specific և ավանդական ձևաչափի ներկայացումներ, դասախոսություններ ու վարպետաց դասեր։

«Քրոնոֆեստի» ու «Քրոնոտոպի» նպատակն է Երևանում ժամանակակից թատրոնի շուրջ կենդանի համայնք ձևավորելը՝ նոր անուններ բացահայտելը, հայոց լեզվի և հայ արվեստագետների հետ աշխատելը, հայ մշակույթում տարբեր երկրների ժամանակակից թատրոնը ներգրավելը։

Տարվա ընթացքում «Քրոնոտոպը» փորձեր է անում և ներկայացումներ թողարկում, կրթական ծրագրեր ու լաբորատորիաներ անցկացնում, մասնակցում բարեկամական կազմակերպությունների նախագծերին։ Մենք չենք պարտադրում որոշակի թեմաներ կամ հայացքներ, բայց ձգտում ենք մշակելու ընդհանուր էսթետիկական և էթիկական սկզբունքներ՝ երկար զրույցներ տանելով արվեստագետների, հանդիսատեսի և քաղաքի հետ։ Մենք ընդդիմանում ենք ավտորիտար և սահմանող արվեստին և ստեղծում պատասխանատու թատրոն, որը տրամադրում է ընտրության ազատություն և ռեֆլեքսիայի հնարավորություն։

Մեզ համար կարևոր է տնտեսական անկախությունը․ այն թույլ է տալիս իրագործել ոչ կոմերցիոն արվեստ, որը դուրս է մեդիադաշտից և մասսայական մշակույթի պահանջներից։ Մենք ընդունում ենք անհաջողությունները, պատրաստ ենք դիմակայելու և հույս ունենք, որ միասին կգտնենք շփման կետեր և կձևափոխենք թատրոնի գոյության ու ընկալման ձևը։

Թատրոնը, որը մենք ներկայացնում ենք, չի զբաղեցնում հիերարխական դիրք մասնակիցների ու հանդիսատեսի հանդեպ։ Մենք հարցեր ենք տալիս ու միասին փնտրում պատասխանները՝ դիմելով յուրաքանչյուրին՝ անհատական հանդիսատեսական «ես»֊ին և դերասանին՝ որպես համաստեղծողի։ Ներկայացումները կոտրում են չորրորդ պատը, որպեսզի ուղիղ ձևով՝ լռությամբ կամ իրոնիկ հարցով, ցավով կամ փիլիսոփայական պարադոքսով, արթնացնեն երևակայությունը և քանդեն ժամանցային թատրոնի սովորական կոմֆորտը։ Փառատոնի շրջանակներում յուրաքանչյուրը գործընթացի մասնակից է։

Փառատոնի գործընկերներ

Արխիվ